20 հուլիսի 2007 - 21:23 AMT
Հրանտ Դինքի սպանության գործում մի նոր կասկածյալ է հայտնվել
Թուրքական դատարանը եւս մեկ` 19-րդ մարդուն է մեղադրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար: Ըստ դատարանի փաստաթղթերի, սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ազգականը Ջոսքուն Իգջին մեղադրվում է հանցավոր կազմակերպությանն անդամակցելու եւ ոճրագործներին աջակցելու համար, հաղորդում է AFP-ն: Եթե Իգջին մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 22-35 տարվա ազատազրկում: Մեղադրյալները պնդում են, որ Իգջիի գործը միավորվի մյուս 18 մեղադրյալների գործի հետ, որոնց դատը սկսվել է Ստամբուլում հուլիսի 2-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու կասկածյալներ` Յասին Հայալը եւ Թունջել Էրհանը Իգջիի զարմիկներն են եւ նույնպես մեղադրվում են դավադրության կազմակերպման եւ Դինքի սպանությունն իրագործած 17-ամյա Օգյուն Սամաստի հավաքագրման համար: Հայալը դիմել է Իգջիին զենք գնելու խնդրանքով, ասվում է մեղադրական ակտի մեջ: Իգջին հայտարարել է թե հաղորդել է Տրաբզոնի ոստիկանության հետախուզական ծառայությանն իր զարմիկի ծրագրերի մասին: Թուրքիայի անվտանգության ուժերը մեղադրվում են նաեւ նրանում, որ գիտեին պատրաստվող սպանության մասին, սակայն չեն կանխել այն` պաշտոնյաներից ոչ մեկը դեռեւս չի մեղադրվել:
Հրանտ Դինքը հայտնի էր 1915 թվականին թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մասին իր հրապարակումներով եւ բազմիցս սպառնալիքներ է ստացել ծայրահեղական թուրք ազգայնականների կողմից: Հետաքննության վարկածով, 17-ամյա Սամաստը կապված էր ազգայնականների հետ: 2007 թվականի հունվարի 19-ին նա սպանեց 53-ամյա լրագրողին Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության մոտ: