12 հունվարի 2017 - 16:07 AMT
Դատախազը պոլսահայ տարեց մարդուն սպանելու մեջ մեղադրվող 3 հայի համար ցմահ ազատազրկում է պահանջել

2015-ի փետրվարին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող ազգությամբ հայ կասկածյալներից 3-ի համար դատախազությունը պահանջել է խստացված ռեժիմի ցմահ բանտարկություն: Մյուս 9 կասկածյալի համար արդարացման որոշում է պահանջվել:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 7-րդ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազության կողմից հրապարակված մեղադրական եզրակացության մեջ հանցագործությունն անմիջականորեն իրականացրած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածով: Կանխամտածված սպանության համար դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ, իսկ դիտավորյալ սպանության փորձի, կանխամտածված կողոպուտի և սեփականությանը վնաս հասցնելու հոդվածներով 22-ից 41-ական տարվա ազատազրկում, Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մյուս 9 կասկածյալի վերաբերյալ փաստերի բացակայության հիմնավորմամբ դատախազությունը պահանջել է արդարացնել նրանց:

Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան:

Դատավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 8-ին:

Փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել: