Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց

Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Այդ մասին նա հայտարարել է անգլիական Times-ին և գերմանական Bild-ին տված հարցազրույցներում:

«Մարդիկ պետք է պայմանավորվեն: Կան ՌԴ դեմ գործող պատժամիջոցներ` պետք է նայել, արդյոք չենք կարող Ռուսաստանի հետ լավ գործարք կնքել: Օրինակ, կարծում եմ, միջուկային զենքը շատ ավելի քիչ պետք է լինի, այն պետք է զգալիորեն կրճատվի: Սա մի կողմն է: ՌԴ-ն ծանր վիճակում է պատժամիջոցների պատճառով: Կարծում եմ, որ այստեղ կարելի է ինչ-որ լուծում գտնել, որից բոլորը կշահեն»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփը հայտարարել է, որ կարելի է միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ համաձայնագիր կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Հունվարի 13-ին Օբաման երկարացրել է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014-ին Ղրիմում և Ուկրաինայում իրավիճակի պատճառով:

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ, որտեղ կան ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, շրջանառության մեջ են դրել ՌԴ դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը: ԱՄՆ օրենսդիրների մշակած լրացուցիչ պատժամիջոցների փաթեթը կառնչվի ՌԴ էներգետիկ հատվածին: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, դեմոկրատներ Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը:

Ամերիկյան կողմը կարծում է, որ ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի է եղել կիբերմիջամտության մասին: Ընտրություններից հետո նրանք տոնել են իրենց հաղթանակը՝ արդյունքները համարելով Մոսկվայի «աշխարհաքաղաքական ձեռքբերումը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---