16 հունվարի 2017 - 13:55 AMT
Սիրիայի ընդդիմությունը մտադիր է մասնակցել Աստանայի բանակցություններին

Սիրիայի ընդդիմության խմբավորումների մեծամասնությունը որոշել է մասնակցել խաղաղ բանակցություններին, որոնք կայանալու են հունվարի 23-ին Աստանայում: Այդ մասին հայտարարել է սիրիացի ապստամբների «Ֆաստաքիմ» խմբավորման ներկայացուցիչ Զաքարիա Մալախիֆիջին, հայտնում է RBK-ն Reuters-ի վրա հղումով:

Նա նշել է, որ Դամասկոսի հետ բանակցություններում հարց է բարձրացվելու կրակի դադարեցման, հումանիտար օգնության առաքման և բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:

Գլխավոր թեմաներից մեկը կլինեն «Սիրիայի գործող իշխանությունների խախտումները», ասել է Սիրիայի ազատագրման բանակի ներկայացուցիչը:

Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը:Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: