ԼՂՀ սահմանադրական նախագիծը հանրաքվեի կդրվի

ԼՂՀ սահմանադրական նախագիծը հանրաքվեի կդրվի

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը համաձայնություն է տվել երկրի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն:

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:Օրակարգը, Կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում:

Նիստին ներկա 28 պատգամավորը 20 կողմ,7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

Քվեարկությունից առաջ, արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը և նշել, որ մանրամասնորեն քննարկվել են խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:

Այնուհետև առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Այսպիսով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցություններից և պատգամավորներից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստացած առաջարկությունների պատկերն հետևյալն է .

«Հայրենիք» խմբակցություն՝ 1, «Դաշնակցություն» խմբակցություն՝ 36, «Շարժում-88» խմբակցություն՝ 38, Լյուդմիլա Բարսեղյան՝ 3, Արմո Ծատրյան՝ 11, Վարդգես Բաղրյան՝ 13, Դավիթ Մելքումյան՝ 4, Արթուր Թովմասյան՝ 1, Ռամելա Դադայան՝ 2, Գագիկ Պերրոսյան և Արսեն Առստամյան՝ 75:

«Ընդհանուր առմամբ ներկայացվել է 184 առաջարկություն, որից 19-ը, բովանդակային առումով, կրկնվող էր:

Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 30-ը, որից 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել՝ 154 առաջարկություն, որից 13-ը՝ սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված և հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ»,- ներկայացրել է Դանիելյանը:

Նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:

Քննարկումը շարունակվել է մտքերի փոխանակման փուլից, որի ընթացքում նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները և մի խումբ պատգամավորներ:

«Այստեղ քաղաքական ուժերի և առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում և այդ հասունությունը պետք է երևա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»,-ընդգծել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը, ով ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության նախագծում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների առաջարկություններով:

Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը՝ նախագահի ներկայացուցիչն առաջարկել է՝ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ Հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելու հարցին:

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել, իսկ Հայաստանը 2016-ի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքներով անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---