Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես` Երևանում

Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես` Երևանում

PanARMENIAN.Net - 2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Ցուցահանդեսը կգործի Հայաստանի Ագզային պատկերասրահում, մենք արդեն մոտ մեկ տարի է պատրաստվում ենք դրան: Կներկայացվի Այվազովսկու ավելի քան 70 կտավ, որոնք պահվում են պատկերասրահում, այդ թվում նրա գծանկարները, որոնք նախկինում չեն ցուցադրվել»,-ասել է Ծատուրյանը:

Ըստ նրա, հատուկ ցուցահանդեսի համար Հայաստան կբերվի Այվազովսկու 16 նկար` Տրետյակովյան պատկերասրահից, Պետերգոֆի թանգարանից և Ռուսական թանգարանից, գրում է «Նովոստի Արմենիան»:

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ը անցկացված մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը` այն գրեթե 600.000 մարդ է այցելել:

«Մենք բանակցում ենք Մխիթարյանների միաբանության հետ, որպեսզի կարողանանք Երևանում ներկայացնել Այվազովսկու «Քաոս» կտավը, որը նրա գլուխգործոցներից մեկն է համարվում: Նախատեսվում է նաև վերանորոգել բոլոր ցուցասրահները, որտեղ ցուցադրվելու են մեծ ծովանկարչի նկարները: Եթե հաջողվի ամեն ինչ անել, ինչպես ծրագրել ենք, վստահեցնում եմ, դա եզակի ցուցահանդես է լինելու»,-ասել է նա:

Ըստ Ծատուրյանի, Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահից նկարներ չեն ցուցադրվելու, քանի որ այդ աշխատանքները ցուցադրվում են միայն Ռուսաստանի տարածքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---