30 հուլիսի 2007 - 19:58 AMT
Մեթյու Բրայզան հուսով է, որ ԱՄՆ Սենատը շուտով որոշում կկայացնի Հայաստանում դեսպանի նշանակման վերաբերյալ
«ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանում շարունակել այս իրավիճակը, երբ Հայաստանում արդեն մեկ տարի է ինչ չկա արտակարգ եւ լիազոր դեսպան: ԱՄՆ-ն Հայաստանի հետ շատ համատեղ ծրագրեր ունի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության Գործողությունների ծրագիրը»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները: Սակայն ցանկացած երկրում դեսպանի հաստատումը ԱՄՆ Սենատի իրավասությունն է եւ ես հուսով եմ, որ նա կկատարի իր ընտրությունը»,-ընդգծել է Բրայզան:

Հիշեցնենք, որ 2006 թվականի սեպտեմբերից ի վեր Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարում էր փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, որն ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը, մեկնեց Հայաստանից հուլիսի 10-ին: Նախկին դեսպան Ջոն Էվանսին ետ կանչեցին Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչման համար: Ներկայումս Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել դեսպան Ռուդոլֆ Փերինան, որը 2001-2004թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ-ում, ԱՄՆ-ի նախկին դեսպանն էր Մոլդովայում: