Արևային կայանների կառուցման ծրագիրը կարող է ներդրումներ ներգրավել

Արևային կայանների կառուցման ծրագիրը կարող է ներդրումներ ներգրավել

PanARMENIAN.Net - Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ, հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները։

Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է մոտ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։

Կայանի կառուցման նպատակով նախատեսվում է փետրվարին հայտարարել միջազգային մրցույթ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Այլ կերպ ասած, առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։

Միջազգային խորհրդատուն շարունակում է աշխատանքները մյուս չորս տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումների վերաբերյալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---