Թուրքիայի Գլխավոր շտաբը կտրականապես դեմ է իսլամիստ նախագահին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական ուժերը հաստատում են իրենց այն տեսակետը, որ երկրի նախագահ պետք է լինի աշխարհիկ մարդ: «Մենք շարունակում ենք կիսել ապրիլի 12-ին եւ 27-ին արտահայտած տեսակետը, որը չի փոխվել նաեւ ընտրություններից հետո: Նախագահը պետք է աշխարհիկ քաղաքական գործիչ լինի ոչ թե ձեւականորեն, այլ իրականում»,-հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Բույուքանիտը: Նրա խոսքերով, զինված ուժերը չեն փոխի իրենց դիրքորոշումը, չնայած համընդհանուր ընտրությունների արդյունքներին, երբ հաղթեց իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն:



Նշենք, որ Աբդուլլահ Գյուլն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած Ազգային շարժման կուսակցությունը հայտարարել է, որ չի արգելափակի նախագահական ընտրությունները: ԱԶԿ-ն շանս ունի ընտրել Գյուլին երրորդ փուլում, երբ բավական կլինի հավաքել պատգամավորների 276 ձայն: Նախագահական ընտրությունները Թուրքիայում կսկսվեն օգոստսի կեսին, նոր խորհրդարանի ընտրությունից 30 օր անց, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:



Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի սահմանադրության նախագահին խորհրդարանն է ընտրում: Եթե երեք փուլերում նախագահը չի ընտրվում, նշանակվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, ինչպես դա եղավ այս տարի: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Միեւնույն ժամանակ, ԱԶԿ-ն առաջարկել է համաժողովրդական հանրաքվեի դնել սահմանադրության փոփոխությունները: Ըստ նոր օրենքի, նախագահը պետք է ընտրվի համընդհանուր քվեարկության արդյունքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---