3 օգոստոսի 2007 - 15:27 AMT
Սերգեյ Մարկով. Պատերազմը Լեռնային Ղարաբաղի հարցում լրիվ հավանական է
Խոսելով պայմանականորեն, Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում դիտվում է 60/40 հարաբերությամբ, որտեղ Մոսկվան, բնականաբար, աջակցում է Երեւանին: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը: Միաժամանակ Ռուսաստանը փորձում է պահպանել ստատուս-քվոն` չկոտրել գրանցած դրական ընթացքը: «Եթե մենք այդ տարածաշրջանը մասշտաբային պատերազմի տանենք, ապա դրանից կտուժեն բոլորը: ՌԴ-ն հասկանում է այդ վտանգը: Մոսկվայի ողջ քաղաքականությունը ելնում է հետեւյալ սկզբունքից. կարեւորը` չվնասել: Այնպես որ, Ադրբեջանի կողմից ՌԴ-ի տվյալ դիրքորոշման դիտարկումը` որպես հայամետ, սխալ է: Իհարկե, Ռուսաստանն ավելի ուշադիր է լսում Հայաստանին, քանի որ Երեւանը մասնակցում է ՌԴ-ի կողմից նախաձեռնված նախագծերում, օրինակ` ՀԱՊԿ: Ադրբեջանը, ընդհակառակը, ներգրավվում է բացահայտ հակառուսական նախագծում` ՎՈՒԱՄ: Բաքուն ստիպում է ՌԴ-ին, որպեսզի Մոսկվայի աջակցությունը Ադրբեջանին եւ Հայաստանին լինի 70/30` հօգուտ վերջինիս»,- նշել է նա:

Ընդ որում, Սերգեյ Մարկովը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը դեռ չի փոխվի: Սակայն աստիճանաբար, հավելել է նա, Ադրբեջանի տնտեսական աճին եւ Երեւանի ու Բաքվի խզմանը զուգընթաց երկրի ղեկավարությունը գայթակղվում է ուժային լուծում տալ Ղարաբաղի հակամարտությանը եւ նման փորձ կանի: «Այնպես որ, պատերազմը Լեռնային Ղարաբաղի հարցում լրիվ հավանական է: Ինչպես կլուծվի այդ հարցը, ինչպիսին կլին արդյունքը, մենք դեռ չգիտենք: Համենայն դեպս, տեսնում ենք, որ Ադրբեջանի տնտեսական գերզանցությունը Հայաստանի նկատմամբ անընդհատ աճում է, եւ որոշ ժամանակ անց այն հսկայական կլինի: Չնայած, այլ կողմից, Հայաստանում շարունակում են պնդել որ պատերազմել գիտեն եւ ռազմական տեսանկյունից միշտ մի գլուխ բարձր կլինեն: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ Ադրբեջանում բավարար պաշար հավաքվելու դեպքում, կգտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր կցանկանան օգտագործել այդ պաշարը հարցի ռազմական կարգավորման համար: Մոսկվայի դիրքորոշումը կախված կլինի այն բանից, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ այդ պահին»,- հայտարարել է ռուս քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք նախօրոք պնդել, որ Հայաստանը ամեն դեպքում կարող է հույս դնել Ռուսաստանի օգնության վրա` Սերգեյ Մարկովը նշել է. «Դեռ բարդ է դա պնդել: Ադրբեջանը դեռ չի ընկել հակառուսական ուժերի ծուղակը»,- հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը: