24 հունվարի 2017 - 14:33 AMT
Wikileaks. Աբրահամյանին չի կարելի թերագնահատել

Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը:

Աբրահամյանը բազմաթիվ անգամ տարբեր առիթներով՝ հայ-թուրքական արձանագրություններից մինչև ներիշխանական խմորումներ, հիշատակվում է Wikileaks-ի փաստաթղթերում: Աբրահամյանի մասին ուշագրավ տեղեկություններ կան, մասնավորապես, 2009 թվականի մարտին «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի ու ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի ի հանդիպման վերաբերյալ հրապարակված զեկույցում:

Գործարարը նշել է, որ այն օրերի ԱԺ խոսնակ Աբրահամյանը հմուտ գործարքներ գործելու ունակության ու հետկուլիսային բանակցություններում խնդիրներ լուծելու շնորհիվ ԱԺ-ում «ստվերային կառավարություն» է ձևավորել, որը մարգինալացրել է Տիգրան Սարգսյանին ու այլ նախարարներին: Խնդիրն էլ ավելի հեշտ էր այն պատճառով, որ Սարգսյանի նախարարներից շատերը, Բաղդասարովի գնահատականով, «սկսնակներ էին, որոնց փորձ հավաքել էր անհրաժեշտ»:

Բաղդասարովը կանխատեսել է, որ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետ (ինչը տեղի ունեցավ խոսակցությունից 5 տարի անց՝ 2014 թվականի ապրիլին) ու, վերջիվերջո, երկրի նախագահ (սահմանադրությունը դեռևս փոփոխված չէր ու նախագահն ուներ ավելի լայն լիազորություններ, հավանաբար, գործարարն ի նկատի ուներ Աբրահամյանի՝ երկրի առաջին դեմք դառնալու ամբիցիաները): Երբ Բաղդասարովի զրուցակիցը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցված է մնալու, եթե Սարգսյանը վերընտրվի 2013-ին, Բաղդասարովն ասել է, թե չի բացառում, որ Աբրահամյանը նույնիսկ ինքը կարող է մրցավազքի մեջ մտնել 2013 թվականին:

Բաղդասարովը նշել է, որ Աբրահամյանը երկրում աջակիցների խոշոր ցանց է կառուցել ու խելամտորեն բալանսավորում է Քոչարյանի ու Սարգսյանի շահերի միջև: Նա հիշատակել է նաև Գագիկ Ծառուկյանի հետ ազգակցական կապերն ի թիվս Աբրահամյանին ուժեղացնող այլ գործոնների:

Ըստ հեղինակների, փորձագետները նկարագրում են Աբրահամյանին որպես «հայկական քաղաքականության վատագույն ավանդույթների համաձայն»՝ ադմինիստրատիվ ռեսուրսի ու կեղտոտ փողերի միջոցով ուժեղացած գործիչ:

«Այնուամենայնիվ, մենք համաձայն ենք Բաղդասարովի հետ՝ Աբրահամյանին չի կարելի թերագնահատել», - նշվում է Փենինգթոնի անվամբ ստորագրված փաստաթղթում:

Կարդացեք նաև. Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը