25 հունվարի 2017 - 14:01 AMT
Կոնգրես ներկայացված օրինագծով առաջարկվում է զրկել Թրամփին կանխարգելիչ միջուկային հարվածի իրավունքից

Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էդվարդ Մարկին և Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյուն օրինագիծ են ներկայացրել Կոնգրես, որով նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զրկվել կանխարգելիչ միջուկային հարվածի իրավունքից:

«Միջուկային պատերազմը ծայրահեղ մեծ ռիսկ է մարդկության համար: Ընդ որում նախագահ Թրամփը հիշատակել է, որ կարող է միջուկային հարված հասցնել ահաբեկիչներին: Ցավոք, եթե կանխարգելիչ միջուկային հարվածի հայեցակարգը պահպանվի, նա կունենա այդպիսի հնարավորություն: Մեկ այլ միջուկային տերության հետ ճգնաժամի դեպքում կտրուկ աճում է ոչ միտումնավոր միջուկային սրացման ռիսկը: Ոչ նախագահ Թրամփին, ոչ էլ մեկ այլ նախագահի չի կարելի թույլ տալ միջուկային զենք կիրառել»,-ասել է սենատորը, գրում է Lenta.ru-ն:

2016-ի սեպտեմբերին նախագահական ընտրարշավի ժամանակ դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի հետ առաջին հեռուստաբանավեճի շրջանակում Թրամփը չէր բացառել կանխարգելիչ միջուկային հարվածի հնարավորությունը: Դեկտեմբերի 22-ին, արդեն որպես նորընտիր նախագահ, նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն պետք է զգալիորեն ընդլայնի միջուկային սպառազինության ոլորտում իր հնարավորությունները: