Մարզիչը՝ Մ16 ԵԱ-ին պատրաստվելու մասին. Ուժեղ կազմ ենք հավաքում, որ մեդալ նվաճենք

Մարզիչը՝  Մ16 ԵԱ-ին պատրաստվելու մասին. Ուժեղ կազմ ենք հավաքում, որ մեդալ նվաճենք

PanARMENIAN.Net - 2017-ի հուլիսի 23-30-ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ մրցումներին:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը պատմել է, թե ինչ աշխատանքներ են կատարվում.

«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նոյեմբեր ամսից, փորձաշրջան անցնող խաղացողներով համալրված հավաքականով միջազգային մրցաշարի ենք մասնակցել Բաթումի քաղաքում, այնուհետև երկու թիմից բաղկացած, Արցախի և Արաբկիրի երեխաներով, մեկնել ենք Վրաստան, որտեղ ունեցել ենք 9 ընկերական հանդիպում: Արդեն հունվար ամսին կարճատև հավաք ենք անցկացրել Երևան քաղաքում, որի ընթացքում ունեցել ենք 3 հանդիպում: Փետվարին տեղի կունենա նաև այդ տարիքի Հայաստանի առաջնությունը, այնուհետև կշարունակենք նախապատրաստական աշխատանքները», - մեջբերում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Մարզիչը նշել է, որ թիմի վերջնական կազմը դեռ չեն որոշել, Հայաստանի առաջնության ժամանակ ի հայտ կգան նոր երեխաներ, կան նաև արտերկրից հայ պատանիներ, որոնց հետ դեռ տարվում են բանակցություններ:

«Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը: Այս տարվա բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Ադրբեջանը: Նրանք շատ լուրջ են տրամադրված առաջնությանը, անցյալ տարի Ադրբեջանը 18 տարեկանների հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսում ընթացող առաջնությանը եզրափակչում պարտվեց Կիպրոսին: Նրանք ունեն խաղացողներ Ամերիկայից, Թուրքիայից, Վրաստանից և բավականին մեծ գումարներ են ներդնում:

Մեզ հետ նույն ենթախմբում են հայտնվել Մալթան, Ջիբրալթարը, Ուելսը և Մոլդովան: Մեր խնդիրը ենթախմբից դուրս գալն ու առաջնությունում մեդալ նվաճելն է: Պետք է շատ լավ նախապատրատվել», - ասել է Վաթյանը:

Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---