Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը կվերակառուցվի ամերիկահայ բարերարի օգնությամբ

Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանը կվերակառուցվի ամերիկահայ բարերարի օգնությամբ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին մշակույթի նախարարությունում Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ամերիկահայ երաժիշտ, բարերար Աշոտ Տիգրանյանը և Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, հայտնում է Panorama.am-ը։

Թեև «Հովհաննես Թումանյան-150» հոբելյանական տարին 2019 է, բայց հոբելյանական միջոցառումներին մեկնարկը տրված է:

Ըստ համաձայնագրի, ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով և բարերարի կողմից հատկվող 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան։ Թանգարանի տարածքում հատված ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական հետաքրքիր կերպարներ:

«Նախատեսում էինք ծրագիրն իրականացնել դեռ 2016-ին: Սակայն խանգարեց շատ ցուրտ ձմեռը: Բացի այդ մենք փորձում էինք գտնել աջակիցներ, ընկեր, կազմակերպություններ, ովքեր կօգնեին իրականացնելու այդ ծրագիրը»,- նախքան համաձայնագրի ստորագրումն ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա ասել է, որ օդանավում հանդիպել է Աշոտ Տիգրանյանին, որի հետ մոտ հինգ ժամ խոսել են Հայաստանի մշակութային կյանքի, իրադարձությունների, ծրագրերի մասին:

«Հետաքրքիրն այն էր, որ մաեստրո Աշոտ Տիգրանյանը միանգամից արձագանքեց մեր ծրագրերին և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի ենթակառուցվածքները ստեղծելու հարցում: Օգնել՝ ողղակիորեն ֆինանսավորել»,- հավելել է նախարարը:

Նրա խոսքով, հենց բարենպաստ եղանակային պայմաններ լինեն, կսկսվի ծրագրի իրականացումը:

Աշոտ Տիգրանյանն իր հերթին ասել է, որ օդանավում հանդիպումը շատ հետաքրքիր էր, այդ ընթացքում նախարարը ծանոթացրել է այս նախագծին: «Երեք տասնամյակ ԱՄՆ ապրելուց հետո՝ ես առաջին անգամ այցելեցի Հայաստան: Շատ հուզիչ էր, գեղեցիկ պահեր ապրեցի: Ծնվել եմ Երևանում՝ Մոսկովյան փողոցի վրա, Հովհաննես Թումանյանի թանգարանի դիմաց: Վերջերս եղել եմ Դսեղում և ինքս տեսել, որ անպայման պետք է նման ծրագիր իրականացվի: Իմ երազներից մեկը իրականացավ: Մեծ հաճույքով ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»,- նշել է նա:

Չարենցի անվան գրականության, արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, խոսելով թանգարանի մասնաճյուղների մասին, ասել է, որ դրանք հայտնի են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլ նաև անվերջանալի խնդիրներով, մասնավորապես ենթակառուցվածքների:

Ամիրյանը նշել է, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց սրտով և հոգով արձագանքեց. «Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ և տարածական է լինելու, տարածվելու է այլ հայրենակիցների մտքերում, որ, այո, կարելի է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ «Թումանյան-150» ծրագրի շրջանակներում նախատեսել են տարբեր մրցույթներ, փառատոներ, հրատարակվելու են գրքեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---