7 օգոստոսի 2007 - 14:51 AMT
Ռիչարդ Հոգլանդն ինքն է խնդրել ետ կանչել իր թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար
ԱՄՆ-ի հայ համայնքի գործունեությունը չի հակասում ՀՀ արտաքին քաղաքականությանը: Այդ կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանն երբեք ճնշում չի գործադրել արտերկրի հայ համայնքների վրա: «Սպիտակ տան կողմից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունից հրաժարվելը Սենատի արտաքին գործերի գծով հանձնաժողովի գործն է: Հոգլանդն ինքն է նամակ գրել ԱՄՆ նախագահի վարչակազմին` խնդրելով ետ կանչել իր թեկնածությունը, քանի որ համոզված է, որ Սենատը չի հաստատի այն»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը պետք է առավել հստակ դիրքորոշում ունենա Հայոց ցեղասպանության հարցում:

Կիրո Մանոյանը նշել է նաեւ, որ Հոգլանդին չհաստատելու հարցն ամբողջովին քաղաքական հարթության մեջ է: «ԱՄՆ-ի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ Սենատը չի հաստատում Սպիտակ տան թեկնածությունը: Առաջին անգամ դա Ջոն Բոլթոնն էր` ԱՄՆ-ի դեսպանը ՄԱԿ-ում: Այն ժամանակ նախագահ Բուշը Բոլթոնին նշանակեց, շրջանցելով Սենատը, օգտվելով Սենատի արձակուրդների ժամանակ դեսպան նշանակելու իր իրավունքից: Սակայն Հոգլանդի դեպքում վարչակազմը որոշել է չդիմել նման քայլի»,-նշել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն այն բանից հետո, երբ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը երկու անգամ վետո դրեց նրա թեկնածության հաստատման վրա, քանի որ Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ Ռ.Հոգլանդը 1915 թվականի իրադարձությունները չէր ճանաչել Ցեղասպանություն: