7 օգոստոսի 2007 - 15:06 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը չի սահմանափակվում միայն Ցեղասպանության ճանաչմամբ
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները որոշող գլխավոր փաստաթուղթը Սեւրի պայմանագիրն է, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հենց այդ պայմանագրով պետք է որոշվի հայ-թուրքական սահմանը եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը: «Ոչ Մոսկվայի, ոչ Կարսի պայմանագրերը հիմնական չեն հանդիսանում, քանի որ դրանց տակ բացակայում է Հայաստանի պաշտոնական անձանց ստորագրությունը: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանալին գտնվում է Անկարայում, եւ հարցը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ շատ ավելի լայն է: Պետք չէ անուշադրության մատնել այն փաստը, որ այժմ Թուրքիայում շատ լարված ներքաղաքական իրավիճակ է եւ ցանկացած պահի կարելի է ակնկալել զինվորականների միջամտություն»,-ասել է Մանոյանը:

Կ.Մանոյանը գտնում է, որ Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, որոնք ցանկանում են նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, սակայն հակազդեցության են հանդիպում Գլխավոր շտաբի եւ կառավարության կողմից: «Որոշ ժամանակ առաջ երկու երկրների արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Աբդուլլահ Գյուլը մտադիր էին համաձայնագիր կնքել հարաբերությունների նորմալացման վերաբերյալ: Սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց: Գյուլի պաշտոնական ներկայացուցիչը Երեւանում հայտարարեց, որ դա անհնար է»,-նշել է Կ.Մանոյանը` հավելելով, որ թուրքական մամուլը վերջերս ափսոսանք է հայտնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ բաց է թողնվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի երկրների միջեւ, որոնք Առաջին աշխարհամարտում հաղթեցին Գերմանիային եւ Թուրքիային: Փաստաթղթի տակ դրված են Հայաստանի Առաջին հանրապետության պատվիրակության ստորագրությունները: Հետագայում, երբ Թուրքիայում իշխանության եկավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, Թուրքիան հրաժարվեց վավերացնել պայմանագիրը: Հայ-թուրքական սահմանը փակվեց Թուրքիայի կողմից 1993 թվականին ղարաբաղյան հակամարտության պատճառով: