7 օգոստոսի 2007 - 18:56 AMT
Ղարբաղի հարցում կարող է ընդմիջում լինել ընտրությունների պատճառով, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ն չի հանձնվում, հայտարարել է Մեթյու Բրայզան
«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ընդմիջում եղավ: Այն ժամանակ ես սկսեցի աշխատանքը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մենք Մինսկի խմբում այն ժամանակ ասեցինք. մենք կվերականգնենք աշխատանքը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենք որոշեն, ինչ քայլեր են ցանկանում նախաձեռնել: Եւ նրանք դա արեցին անցյալ տարվա աշնանը. շատ լավ առաջխաղացում արձանագրվեց Մինսկում կայացած հանդիպմանը անցյալ տարվա վերջում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան:

Նրա խոսքերով, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շատ լավ համագործակցում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եւ մինչ այս տարվա վերջ կարգավորման շանս կա: «Ես եղել եմ Երեւանում, Բաքվում, եւ մենք դեռ կառուցողական համագործակցության ոգու ակնատես կդառնանք, սակայն ես չեմ կանխատեսի այն, որ որոշումն այս տարի կկայացվի: Գուցե ընդմիջում լինի Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում հաջորդ տարի սպասվող ընտրությունների պատճառով»,- ընդգծել է Բրայզան:

Նա նաեւ հավելել է, որ դեռ պատիվ չի ունեցել ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի հետ: «Սակայն մենք գտնում ենք, որ նրա կողմից որեւէ ազդեցություն չպետք է լինի բանակցությունների ընթացքի վրա»,- նշել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»-ը: