ՓՊ-ն խորհրդի անդամների է ընտրելու. Թեկնածուները ներկայացնում են իրենց դիրքորոշումը

ՓՊ-ն խորհրդի անդամների է ընտրելու. Թեկնածուները ներկայացնում են իրենց դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ փաստաբանների պալատում փետրվարի 11-ին տեղի են ունենալու խորհրդի անդամների ընտրություններ:

Քարոզարշավը կազմակերպվում է թիմերով, որոնք դիրքորոշումներ են հայտնում Պալատում տեղի ունեցող իրադարաձությունների վերաբերյալ։

Հունվարի 16-ին 12 թեկնածու ներկայացրել է իր դիրքորոշումը և պատասխանել շրջանառվող մեղադրանքներին։ Նրանք հայտարարել էին՝ ջանք չեն խնայելու, որպեսզի ամրապնդեն փաստաբանական համայնքի միասնականությունը, աջակցեն ՀՀ փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացմանը, պաշտպանեն Փաստաբանների իրավունքները, նպաստեն Փաստաբանի հեղինակության բարձրացմանը և ապահովեն ՀՀ փաստաբանների պալատի կառավարման և գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև զարգացնեն Հանրային պաշտպանության ինստիտուտը։

Խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանը պարզաբանել է, թե ինչու են իրենք որոշել մասնակցել թիմով։

«Մեկ թիմով նախընտրական այս քարոզչությունը իրականացնելով մենք համաձայնության ենք եկել, որ դա մեզ չի կաշկանդի քննարկելիք հարցրում, եթե բոլորս ընտրվենք, լինելու ենք տարակարծիք, այսինքն դա մեզ չի խանգարի և մենք ունենք մեր գրավոր համաձայնությունը»,-հայտնել է փաստաբանը։

Խորհրդի անդամի թեկնածու Սեդրակ Ասատրյանն էլ խոսել է Պալատի ներքին և արտաքին իմիջի մասին՝ հայտնելով, որ տարածաշրջանում ՀՀ փաստաբանների պալատը ունի ամենակայացած փաստաբանական համայնքի համբավ։

Նա նաև պատասխանել է այն փաստաբան-խորհրդի անդամների թեկնածուների հայտարարություններին, որոնք կապված են Պալատում տեղի ունեցող չարաշահումների հետ։

«Յուրաքանչյուր հինգ տարին մեր մարտահրավերները փոխվում են։ Այն թիմում, որն այսօր մեղադրանքներ է հնչեցնում պալատում տեղի ունեցող չարաշահումների մասին, ընդգրկված է նաև պալատի նախկին նախագահը։ Ես տեղյակ եմ, որ այդ չարաշահումները՝ խոսքը դրամարկղից 97 միլիոն դրամի անհայատացման մասին է, եղել է Սահակյանի կառավարման օրոք։ Ներկա ղեկավարությունը ամեն ինչ արել է դրա բացահայտման համար։ Դիմել են քաղաքացիական դատարան պահանջով, քրեական գործ է հարուցված, գնում է նախաքննություն»-եզրափակել է Ասատրյանը։

Խորհրդի անդամի թեկնածու Մելանյա Առուստամյանն էլ իր հերթին հավելել է, որ նախկինում անգամ գլխավոր հաշվապահն է եղել պալատի խորհրդի անդամ։

Քվեարկությամբ խորհրդի անդամը ներկայացնում է իր դիրքորոշումը խորհրդի օրակարգում դրված յուրաքանչյուր առանձին հարցի վերաբերյալ:

Նույնիսկ մի քանի թեկնածուներով համատեղ քարոզարշավ իրականացնելու արդյունքում ընտրվելու դեպքում, թեկնածուներն անկախ են լինելու և ազատ արտահայտելու են իրենց դիրքորոշումը:

Ընտրվելու դեպքում թեկնածուները խոստանում են՝ լինել անկախ, գործել թափանցիկ, հարգել տարակարծությունը, նպաստել փաստաբանական համայնքի միասնականության և անկախության ամրապնդմանը, Նպաստել փաստաբանների իրավունքների պաշտպանությանը, առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարզերում գործող փաստաբանների խնդիրներին, նպաստել ՀՀ փաստաբանների պալատի կառավարման և գործունեության թափանցիկությանը, ինչպես նաև Հանրային պաշտպանության ինստիտուտի զարգացմանը, նպաստել փաստաբանության հեղինակության բարձրացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---