8 օգոստոսի 2007 - 14:40 AMT
Ջոնաթան Հենիկ. Բրայզան չի խոսել ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության մասին
«ԶԼՄ-ներն անպատասխանատու կերպով հանել են համատեքստից եւ խեղաթյուրել են Մեթյու Բրայզայի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, ինքն անձամբ է կարդացել այդ հարցազրույցը եւ ոչ մի փոփոխություն չի տեսել ԱՄՆ քաղաքականության մեջ:

«Մ.Բրայզան բացահայտ հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման համար հարկավոր է գնալ բարդ փոխզիջումների: Սակայն որոշել, թե ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները, կարող են միայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները»,-նշել է Ջ.Հենիկը, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հայտարարել էր.«Ես որպես միջնորդ եւ դիվանագետ չեմ կարող որոշել, թե ինչպիսին կլինի կարգավիճակը, դա իմ խնդիրը չէ: Հնարավոր է, ժողովրդի ներկայացուցիչները ապագայում որոշե՞ն, որ Ղարաբաղի համար լավ է անկախ լինել: Իսկ գուցե որոշե՞ն, որ լավ կլինի լինել Ադրբեջանի մի մասը անկախության շատ բարձր աստիճանով»: