27 հունվարի 2017 - 14:20 AMT
Ֆրանսիայի ՍԴ-ն չեղարկել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

Դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը, թուրքական NTV.com.tr-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից PanARMENIAN.Net-ին հաստատեցին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի չեղարկման տեղեկատվությունը:

Նշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին որևէ ուղղակի հիշատակում չկար: Սակայն, ըստ օրենքի, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:

Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի և Ֆրանսիայի թուրքական կառույցների դժգոհությունը: Թուրքական կազմակերպությունները դիմել էին Ֆրանսիայի սահմանադրական դատարան՝ օրենքը չեղարկելու պահանջով:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ևս մեկ նմանատիպ օրենք էր ընդունվել նաև Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Ցավոք, այդ օրենքը ևս չեղարկվեց սահմանադրական դատարանի կողմից՝ «խոսքի ազատությունը սահմանափակելու» հիմնավորմամբ: