
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2016թ․-ի վիճակագրությունը, որի համաձայն 2016թ․-ին ՄԻԵԴ-ը կայացրել է 993 վճիռ, որոնցից 829-ով եղել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն 1 խախտում։
ԵԽ անդամ երկրներից ամենաշատ վճիռները կայացվել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ 228, որոնցից 222-ում եղել է Կոնվենցիայի խախտում, հաջորդը Թուրքիան է՝ 77, Ռումինիան՝ 71, Ուկրաինան՝ 70, Հունաստան՝ 41 և Հունգարիա՝ 40։
2016թ․-ին ընդդեմ Հայաստանի կայացվել է 15 վճիռ, որոնցից 13-ում եղել է առնվազն 1 խախտում։ 2016թ․-ին ընդդեմ Հայաստանի վճիռների թիվը կրկնապատկվել է 2015թ․-ի համեմատ, երբ ընդամենը 8 վճիռ էր կայացվել։
Ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներում ամենամեծ թիվը կազմում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը՝ 10 վճիռ, գրում է Panorama.am-ը։
ՄԻԵԴ-ն իր ամբողջ պատմության ընթացքում՝ 1959թ․-ից մինչև 2016թ․-ն Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է 75 վճիռ, որոնցից 68-ով եղել է Կոնվենցիայի խախտում։
Մինչև 2016թ․-ի վերջը ընդդեմ Հայաստանի ներկայացված սպասվող դիմումների թիվը կազմել է 1588՝ գրանցելով 60 տոկոս աճ՝ 2015թ․-ի 978 դիմումի հետ համեմատած։ Այժմ արդեն Հայաստանը ընդգրկվել է թոփ-10 երկրների շարքում՝ դատարան ներկայացված ու դեռևս չքննված գործերով։ Հայաստանից ներկայացված սպասվող հայցադիմումները կազմում է ընդհանուր թվի 2 տոկոսը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2014-ին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166.000 եվրո, 2015-ին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86.000 եվրո, իսկ արդեն 2016-ի կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83.000 եվրո: