9 օգոստոսի 2007 - 15:14 AMT
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը հարաբերությունների հաստատումն է տարածաշրջանի բոլոր երկրների հետ
«ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բոլոր հարեւանների հետ բարիդրացիական կապերի հաստատումն ու պահպանումը, տարածաշրջանային եւ միջազգային բեմահարթակում Հայաստանի ակտիվ դերակատարության ապահովումն ու խորացումը»,-հայտարարել է ՀՀ արտրգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես այժմ կթվարկեմ մի քանի առաջնահերթություններ, որոնց հետեւողական իրագործումը մասն է կազմում միասնական եւ ամբողջական օրակարգի: «Առաջինը, աշխարհաքաղաքական նոր իրողությունների հաստատման արդի գործընթացներում Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից բխող արժանի տեղի ապահովումը, ինչպես նաեւ գլոբալ նշանակության ծրագրերում, մասնավորապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի մասնակցությունը»,-նշել է Օսկանյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ, որ անհրաժեշտ է միջազգային կարեւորագույն կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, տարածաշրջանային գործընթացներում ներգրավված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների զարգացումը, եվրոպական ինտեգրացման գործընթացներում, եվրատլանտյան եւ հետխորհրդային տարածքի համագործակցության կառույցներում Հայաստանի անհրաժեշտ մասնակցությունը:

«Տարածաշրջանային օրակարգի առաջնահերթ հարցերի թվում են. 1.անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, 2.Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, 3.Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը, 4.տարածաշրջանային կայունության ամրապնդումը, փոխշահավետ համագործակցության ծավալումը, այստեղ իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերում երկրի մասնակցության ապահովումը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն Իրանում լույս տեսնող հայկական «Հույս» թերթին տված հարցազրույցում: