Սարգսյան. Հակառակորդի՝ ուժի կիրառումը փակուղային է, նոր պատերազմը չի կարող լուծել Արցախի խնդիրը

Սարգսյան. Հակառակորդի՝ ուժի կիրառումը փակուղային է,  նոր պատերազմը չի կարող լուծել  Արցախի խնդիրը

PanARMENIAN.Net - Ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է ՀՀ Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:

«Շնորհավորում եմ ձեզ հայկական բանակի օրվա և ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ: Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով:

Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը:

Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով, մեր բանակը ձևավորվել է կռվի դաշտում. «Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ:

Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից:

Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը»: Սարգսյանն ընդգծել է, որ մյուս կողմից՝ մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների:

«Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլևս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միությանամբ ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բազմիցս շեշտել է, որ ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում:

«2016-ի ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:

Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք», - ասել է նախագահը:

Նա հավելել է. «Մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը»:

Սարգսյանի խոսքով, հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական և հոգեբանական պատրաստվածությամբ։

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 25 տարի առաջ հենց այս օրը ստեղծվեց Հայկական բանակը: Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն:

«Եռաբլուրում» է եղել նաև Ստեփանակերտից ժամանած պատվիրակությունը, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---