30 հունվարի 2017 - 11:55 AMT
ԵԱԶԲ. 2017-ին ՀՀ-ում մոտ 3% տնտեսական աճ է ակնկալվում

Հայաստանի տնտեսությունը 2017-ին կաճի 2,9%-ով: Ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, որպես 2015-2016-ի խթանիչ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության արդյունք, արտահանումն ու ներդրումները խթանելու կառավարության ջանքերի հետ մեկտեղ կնպաստեն ՀՀ տնտեսական աճի արագացմանը 2017-2019թթ.: Տնտեսական աճի տեմպերը Հայաստանում 2017-ին կհասնեն 2,9%-ի, իսկ 2018-ին` 3,9%-ի: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Մակրոտնտեսություն 2017» զեկույցում։

2017-2018-ին ներքին պահանջարկի աճը, ներկրվող հումքի ու ապրանքների գների աճը կնպաստեն գնաճային գործընթացների հետագա վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, 2017-ին գների մակարդակի վերականգնման վրա զսպող ազդեցություն կունենա գազի և էլեկտրաէներգիայի սակագների կանխատեսվող նվազումը, ինչպես նաև ՀՀ ԿԲ կողմից կանխատեսվող ցածր գնաճը։ 2017-ին և 2018-ին, նոր շոկերի բացակայության դեպքում, գնաճն ակնկալվում է համապատասխանաբար 1,8%-ի և 2,8%-ի չափով։

2016-ի տվյալներով` ՀՆԱ աճը կկազմի 0,6%, ինչը ցածր է նախորդ կանխատեսումից: Դա առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների նվազմամբ:

2016-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ն զիջեց իր առաջատար դիրքն առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ աճի տեմպերի ցուցանիշով ԵՏՄ երկրների թվում: Պատճառը ՀՆԱ 2,6 տոկոս անկումն է եղել 3-րդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան շրջանի համեմատ:

Ընդհանուր առմամբ, 2016-ի արդյունքներով` ԵԶԲ անդամ երկրներում տնտեսական անկումը 2015-ի համեմատ 3,1%-ից դանդաղել է մինչև 0,5%: