1 սեպտեմբերի 2007 - 16:55 AMT
Ջիվան Գասպարյանը փորձում է երաժշտության միջոցով նոր շունչ տալ հայերի եւ թուրքերի հարաբերություններին
Համաշխարհային հռչակ ունեցող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը Ստամբուլում Խաղաղության միջազգային օրվան նվիրված համերգ է տալու, որը նշվում է Թուրքիայում սեպտեմբերի 1-ին: Համերգին մասնակցում է հայտնի սազահար Յավուզ Բինգոլը: «Իմ գործիքը խաղաղության ձայնն է հանդիսանում, եւ ես ժամանել եմ այստեղ, որպեսզի երաժշտության միջոցով նոր շունչ տամ հայերի եւ թուրքերի հարաբերություններին»,- ասել է Գասպարյանը Turkish Daily News-ին տված հարցազրույցում: Դուդուկահարի երկրորդ համերգը կայանալու է սեպտեմբերի 2-ին Անկարայում:

Բինգոլի խոսքերով, նա խորապես ցավում է այն իրադարձությունների առումով, որոնք հետեւել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը: «Մենք Գասպարյանի հետ ձեռք ձեռքի տված գնում ենք ռասիզմի, սահմանների եւ պատերազմների դեմ»,- ընդգծել է թուրք երաժիշտը: