31 հունվարի 2017 - 09:09 AMT
ՀՀ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը մասամբ բաց է

Հունվարի 31-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Ոսկեպար-Կողբ և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Հանրապետության տարածքում հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: