31 հունվարի 2017 - 09:40 AMT
Փիթեր Բալաքյանը հանդես կգա Հարավային Ֆլորիդայի համալսարանում՝ որպես հրավիրյալ դասախոս

Ամերիկահայ գրող, բանաստեղծ, ցեղասպանագետ Փիթեր Բալաքյանը փետրվարին՝ որպես հրավիրյալ մասնագետ կդասախոսի Հարավային Ֆլորիդայի համալսարանի անգլերենի, հասարակագիտության և այլ բաժիններում:

The Armenian Weekly-ն հաղորդում է, որ Բալաքյանը կմասնակցի նաև համալսարանի լաբորատորիայում իրականացվող թվային ժառանգության հետ կապված աշխատանքներին, որոնց նպատակը Հայաստանումհնագույն եկեղեցիների պահպանումն է:

Բալաքյանը պոեզիայի հանրային ընթերցումներ կվարի փետրվարի 16-ին, որին կհետևի ընդունելությունն ու գրողի ինքնագրով գրքերի հանձնումը:

Նշվում է, որ նախկինում համալսարանի հրավիրյալ դասախոսների թվում են եղել հանրահայտ պատմաբաններ, փիլիսոփաներ և գրականագետներ ու պոետներ:

Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների 7 ժողովածուի, 4 արձակ ստեղծագործության և 2 թարգմանության հեղինակ է: 2016-ին վերջինս արժանացել է գրականության Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում: