ԱՄՆ գլխավոր դատախազը հեռացվել է աշխատանքից. Նա հրաժարվել է կատարել Թրամփի հրամանագիրը

ԱՄՆ գլխավոր դատախազը հեռացվել է աշխատանքից. Նա հրաժարվել է կատարել Թրամփի հրամանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է աշխատանքից գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության նախարար Սալլի Յեյթսին, որը հրաժարվել է կատարել ներգաղթի մասին Թրամփի հրամանագիրը:

Նրա փոխարեն պաշտոնը կստանձնի Վիրգինիա նահանգի Արևելյան շրջանի դատախազ Դանա Բոենթեն:

«Պաշտոնակատար Յեյթսը դավաճանել է արդարադատության նախարարությանը` հրաժարվելով կյանքի կոչել օրինական հրամանը, որն ուղղված է ԱՄՆ քաղաքացիների պաշտպանությանը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Վարչակազմում հիշեցրել են, որ Յեյթսն աշխատել է նախկին նախագահի թիմում:

«Ժամանակն է լրջորեն մոտենալ մեր երկրի պաշտպանության հարցին: 7 վտանգավոր վայրերից եկող մարդկանց ավելի խիստ ընտրելու կոչը ծայրահեղ միջոց չէ: Դա խելամիտ է և անհրաժեշտ երկրի պաշտպանության համար»,-ասել են Թրամփի վարչակազմում:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---