3 սեպտեմբերի 2007 - 16:10 AMT
Բաքուն պետք է բացի սահմանները Հայաստանի հետ, գտնում է Ադրբեջանի կանաչների կուսակցությունը
Ադրբեջանը պետք է բացի սահմանը Հայաստանի հետ, տնտեսական, դիվանագիտական կապեր հաստատի նրա հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիեւը: Նրա խոսքերով, կուսակցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական հետազոտություն է անցկացրել, որի հիման վրա առաջարկությունների փաթեթ է նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Գյուլալիեւը նշել է, որ առաջարկությունների փաթեթը, հիմնականում, վերաբերում է ղարաբաղյան հակամարտության լուծման տնտեսական, հասարակական-քաղաքական ուղիներին: Փաստաթղթում վերլուծվում է Ադրբեջանի տնտեսությունը, երկրի նավթային եկամուտները: Բացի այդ, առաջարկների փաթեթում ընդգրկվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումներն ու շահերը ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Կանաչների կուսակցության նախագահն ասել է, որ անիրական է համարում հակամարտության լուծման ռազմական ուղին եւ բացառում է այդ տարբերակը: Ըստ նրա, դա շահավետ է միայն Ադրբեջանի ընդդիմությանը, որը ցանկանում է իշխանափոխություն կատարել: «Ընդդիմությունը հասկանում է, որ առաջիկա տարիներին չի կարող իշխանության հասնել ընտրությունների միջոցով: Կառավարության տապալումը ցանկացող ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունը դիմի ուժային ճանապարհին եւ, օգտվելով ստեղծված իրավիճակից հասնել իշխանության տապալման: Եթե պատերազմ լինի, միջազգային կազմակերպությունները բոլոր ջանքերը կգործադրեն ղեկավարությունը փոխելու համար, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի զորքեը անհապաղ հարված հասցնեն Ադրբեջանին»,-գտնում է Մայիս Գյուլալիեւը:

Նրա խոսքերով, ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, որն ենթադրում է Ադրբեջանի կողմից իր բոլոր պարտավորությունների կատարում: «Առաջարկությունների փաթեթում մենք պարզաբանել ենք կառավարություն պարտավորություններն ադրբեջանական հանրության, ընդդիմության, ՈԿԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների առջեւ: Բոլոր պարտավորությունները կատարելուց եւ Ադրբեջանի տնտեսությունն ամրապնդելուց հետո, Ադրբեջանը պետք է դուրս բերի Հայաստանը տնտեսական շրջափակումից եւ տնտեսական կախվածությոն մեջ դնի իրենցի»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»: