1 փետրվարի 2017 - 10:42 AMT
Սպիտակ տունը հրաժարվել է իր ներկայացուցիչներին ուղարկել CNN-ի ծրագրերին

Սպիտակ տունը հրաժարվել է իր ներկայացուցիչներին ուղարկել CNN-ի ծրագրերին` այդպիսով զրկելով հեռուստաալիքը վարչակազմի դիրքորոշումն իր եթերում ներկայացնելու հնարավորությունից:

«Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ, մեր կարծիքով, իմաստ ունի առաջ տանել մեր ծրագիրը»,-մեջբերել է թերթը Սպիտակ տան պաշտոնյաներից մեկի խոսքերը` հավելելով, որ CNN-ը դրանց շարքին չի դասվում:

Սպիտակ տունն արգելքը մշտական չի համարում: Հեռուստաալիքի թղթակիցներց մեկն ասել է, թե այդպիսով փորձում են պատժել հեռուստաալիքն ու նվազեցնել վարկանիշը:

Հայտնի է, որ Թրամփը բարդ հարաբերություններ ունի ամերիկյան ԶԼՄ-ների հետ, որոնց մեծամասնությանը մեղադրում է անաչառության բացակայության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Նա քննադատել է New York Times-ի և Washington Post-ի հրապարակումները, իսկ CNN-ը վերծանել է որպես Clinton News Network` Քլինթոնի լրատվական ցանց:

Մինչդեռ Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ` հորդորելով ամերիկահայերին չլքել երկրի տարածքը: