Սվիտալսկի. ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում ֆինանսապես կաջակցի ՀՀ-ին

Սվիտալսկի. ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում ֆինանսապես կաջակցի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար: Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկի շրջանակում:

«ԵՄ-ն արդեն իսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրել է 15 մլն եվրո։ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացման համար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Սվիտալսկին ողջունելի է համարել ՀՀ ներկայիս կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Դեսպանը հատկապես կարևորում է ապօրինի հարստացման քրեականացման և գույքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձրացման հարցը։

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում կառավարության կողմից կոնկրետ նախաձեռնություններ ենք տեսել։ Նախկինում պաշտոնյան պատասխանատվության չէր ենթարկվում հայտարարագիր չներկայացնելու համար, իսկ այս կառավարության կողմից այս մասով հիմա կոնկրետ քայլեր են ձեռնարկվում», - նշել է Սվիտալսկին։

Դեսպանն ընդգծել է, որ արագ տնտեսական աճի և երկրի կայուն զարգացման բոլոր հույսերը չեն կարող իրագործվել՝ առանց կոռուպցիայի դեմ պայքարելու։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---