1 փետրվարի 2017 - 13:58 AMT
ԼՂՀ ՊՆ. Զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումներն անփութության արդյունք են

Որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումները տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունք է: Այս մասին հայտարարում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:

«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով», - ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զորացրված զինծառայողներին, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23:

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման։