4 սեպտեմբերի 2007 - 18:19 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան մոտավորապես սեպտեմբերի 15-17
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ արտգործնախար Վարդան Օսկանյանի հետ Բրյուսելում կայացել է միջնորդներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) նախաձեռնությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթացկին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Միջնորդները ՀՀ ԱԳՆ ղեկավարին պատմել են երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են շոշափվել` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, նշվել է գործողությունների ծրագիրը առաջիկա ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ քայլեր տարաձայնությունների հաղթահարման համար, որոնք առաջացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Սանկտ-Պետերբուրգում հուլիսի 9-ին»,- նշել է Կարապետյանը:

Նա նաեւ հավելել է, որ նախնական պայմանավորվածություն է հաստատվել տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցելության մասին: «Այցելությունը մոտավորապես ծրագրված է սեպտեմբերի 15-17»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: