1 փետրվարի 2017 - 16:16 AMT
2016-ին ՀՀ-ից մեկնածների ու ՀՀ ժամանածների տարբերությունը՝ 48.170 մարդ. Մի մասն օտարերկրացիներ են

ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի ընթացքում ՀՀ սահմանահատումների ծավալներն ըստ ՀՀ սահմանային անցման կետերի (գրանցումները եղել են ըստ սահմանահատման ընթացքում ներկայացված փաստաթղթերի):

Այդ տվյալների համաձայն՝ ՀՀ-ից 12 ամսում դուրս է մեկնել 2.915.178 մարդ, իսկ վերադարձել է 2.867.008: Այսինքն, սահմանահատումների բացասական սալդոն կազմել է 48.170 մարդ:

2015-ին ՀՀ-ից ելք էր գործել 2.752.711, իսկ մուտք գործել՝ 2.709.284: Բացասական սալդոն կազմել էր 43.438 մարդ:

2016-ին ՀՀ-ից դուրս եկածներից 827.402-ը ՀՀ քաղաքացի են (ներառյալ` երկքաղաքացիներ):

Համադրելով ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրամադրված՝ ՀՀ քաղաքացիությունը որպես երկրորդ քաղաքացիություն ստացած (2007թ. երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո մինչև 2017 թվականը) օտարերկրացիների սահմանահատումների տվյալների հետ, ստացվում է՝

5.267 օտարերկրացի 2016-ին մուտք է գործել ՀՀ, որից հետո ստացել է ՀՀ քաղաքացիություն: Նրանցից 4.394-ը 2016-ին դուրս է եկել ՀՀ-ից, ուստի ՀՀ քաղաքացիների ելքի թիվը՝ 827.402 պետք է նվազեցվի 4 394-ով:

ՀՀ քաղաքացիություն նախկինում ստացած 14.366 օտարերկրացի մինչև 2016 թվականը գտնվել է ՀՀ-ում: Նրանցից 2.610-ը 2016-ին դուրս է եկել ՀՀ-ից, ուստի նշված ՀՀ քաղաքացիների ելքի թիվը՝ 827 402 ևս 2.610-ով պետք է նվազեցվի:

ՀՀ քաղաքացիություն նախկինում ստացած 25. 298 օտարերկրացի 2016-ին մուտք է գործել ՀՀ, որոնցից 23. 246-ը վերադարձել է արտերկիր (տարբերությունը` 2.052), ուստի ՀՀ քաղաքացիների մուտքի թիվը՝ 771 071 պետք է նվազեցվի 2 052-ով:

2016 թվականի ընթացքում 4. 244 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն ստանալու պահին եղել է արտերկրում և 2016 թվականի ընթացքում ՀՀ չի եկել, հետևաբար սահմանային տեղաշարժերի վիճակագրական ցուցանիշների վրա ազդեցություն չի ունեցել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ վերը ներկայացված սահմանահատումներին մասնակցած անձանց թվաքանակի ցուցանիշները բավարար չեն համակարգի տվյալների բազան որպես միջազգային միգրացիայի տեղեկատվության աղբյուր օգտագործելու համաչ: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված արտաքին միգրացիայի միջազգային մեթոդաբանության, բացակայող անձին միգրանտ որակելու համար անհրաժեշտ է ստանալ նաև տվյալներ բացակայության տևողության և բացակայելու պատճառների վերաբերյալ:

Այն է՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված արտաքին միգրացիայի միջազգային մեթոդաբանության համաձայն, հաշվետու տարում մինչև 3 ամիս տևողությամբ երկրից բացակայածները չեն դասվում միգրանտների շարքին, 3-ից մինչև 12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները, բացառյալ` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, առողջական կամ կրոնական ուխտագնացության մեկնածները, վերագրվում են կարճաժամկետ միգրանտներին, իսկ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայածները` երկարաժամկետ միգրանտներին: