5 սեպտեմբերի 2007 - 14:50 AMT
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական եւ թուրքական հատվածների շինարարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության բաժնի վարիչ Սադրադդին Մամեդովը: Նա հաղորդել է, որ վրացական հատվածի երկարությունը կկազմի 29 կմ, թուրքականինը` 76 կմ: Տրանսպորտի նախարարության աշխատակցի խոսքերով, կառուցումը կսկսվի վրաց-թուրքական սահմանից, որտեղ եւ տեղի կունենա երկաթուղու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Երկաթուղու շինարարության մրցույթի արդյունքները ծրագրվում է ամփոփել մինչեւ սեպտեմբերի վերջ, այս պահին իրենց մասնակցության մասին հայտարարել են 50 ընկերություններ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Նշենք, որ երկաթուղու վրացական եւ թուրքական հատվածների շինարարության աշխատանքային նախագիծը մշակել է թուրքական Yuksel Domanic ընկերությունը:

Հիշեցնենք, որ ԲԹԿ-ի շինարարության մասին ամփոփիչ փաստաթուղթը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել էր փետրվարին Թբիլիսիում: Ադրբեջանը Վրաստանի «Մարաբդա-Կարսի երկաթուղի» ՍՊԸ-ին 200 մլն դոլար արտոնյալ վարկ է տրամադրել 25 տարի ժամկետով տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:

Հատկացված վարկի հաշվին Վրաստանի տարածքում կկառուցվի 29 կմ-անոց նոր ճանապարհ, սպասարկման եւ տեխսպասարկման կետ Թուրքիայի հետ սահմանում, ինչպես նաեւ կվերակառուցվի հին ճանապարհը: