Բաքուն փորձում է հրաժարվել սեփական դիվերսանտից

Բաքուն փորձում է հրաժարվել սեփական դիվերսանտից

PanARMENIAN.Net - Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 1-ին, ժամը 23:30-ին շտապ հայտարարություն է տարածել` հերքելով իր կորուստներն առաջնագծում: «Առաջնագծում ոչ մի ակտիվ մարտական գործողություն չի եղել: Ինչ վերաբերում է Էլնուր Հուսեյնզադեին, ապա նա ծառայության ժամանակ մշտապես խախտել է զինվորական կարգապահությունը, չի ներկայացել ծառայության, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ շարքերից ու այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում»,-ասվում է Ադրբեջանի ԶՈւ հայտարարության մեջ, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը մեկնաբանել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` նշելով, որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, ինչը ամբողջությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ: «Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում…»,-ասվում է Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մինչդեռ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր, որ վիրավոր ունի իր շարքերում:

Ինչպես հայտել էր ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը, հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր,որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---