ՄԻՊ-ը Լապշինի ազատության հարցում դժվարանում է երաշխիքներ տալ

ՄԻՊ-ը Լապշինի ազատության հարցում դժվարանում է երաշխիքներ տալ

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության հարցում դժվարանում է երաշխիքներ տալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՄԻՊ-ը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

«Այս պահին ես աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան: Ես համաձայն եմ ԼՂՀ ՄԻՊ-ի այն պնդման հետ, որ այսուհետ պետք է ավելի շատացնել այցերն Արցախ, այդ թվում՝ նաև միջազգային լրագրողների այցերը», - ընդգծել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Թաթոյանը նաև հավելել է, որ ՀՀ և ԼՂՀ ՄԻՊ-երը համատեղ մշակում են ծրագիր՝ լրագրողների աշխատանքն Արցախում ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---