2008 թվականի հուլիսի 1-ին ՌԱՕ «ԵԷՍ»-ը կդադարեցնի իր գոյությունը

PanARMENIAN.Net - 2008 թվականի հուլիսի 1-ին ՌԱՕ «ԵԷՍ»-ը կդադարեցնի իր գոյությունը: Այդ մասին ՌԴ Պետդումայի Խորհրդի նիստի ավարտին սեպտեմբերի 6-ին հայտարարեց Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը: Ըստ Գռիզլովի, ակնկալվում էր, որ ՌԱՕ «ԵԷՍ»-ի բարեփոխման վերաբերյալ օրինագիծը կներկայացնի կառավարությունը, սակայն սեպտեմբերի 7-ին կայանալիք ընդլայնված նիստում կքննարկվի պատգամավորական օրինագիծը` «Ռուսաստանի միասնական էներգետիկ համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումների իրականացման կապակցությամբ ՌԴ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին»:



«Էներգետիկան չպետք է արգելակի տնտեսության զարգացումը»,-հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահը: Ըստ Գրիզլովի, եթե նախագահը խնդիր է դրել կրկնապատկել Ռուսաստանի ՀՆԱ-ն 10 տարվա ընթացքում, ապա էներգետիկան պետք է զարգանա այդ ցուցանիշը գերազանցող տեմպերով, տնտեսության աճն ապահովելու համար: Գռիզլովը հիշեցրել է, որ 2007 թվականի դաշնային բյուջեյով նախատեսվում է 30 մլրդ ռուբլի էներգետիկայի օբյեկտների զարգացման համար, իսկ 2008-2010 թթ. բյուջեյով նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել 60 մլրդ ռուբլի:



Ինչպես նշել է Գռիզլովը, օրենսդրությամբ սահմանվում է էլեկտրաէներգետիկայի բարեփոխման ժամկետը` 2008 թվականի հուլիսի 1-ը: «Մենք կարող ենք ասել, որ այդ օրը ՌԱՕ «ԵԷՍ»-ը կդադարեցնի իր գոյությունը»,-հայտարարել է Գռիզլովը:



Ըստ Գռիզլովի, օրինագծի կարեւորագույն կետը կառավարության կողմից էլեկտրաէներգետիկայի օբյեկտների տեղակայման պարտադիր երկարաժամկետ պլանավորումն է: «Այսինքն կառավարությունը պետք է իր նիստերում քննարկի եւ որոշումներ կայացնի էներգետիկայի օբյեկտների տեղակայման եւ էներգետիկայի օբյեկտների զարգացման գլխավոր սխեմաները հաստատելու վերաբերյալ»,-հայտարարել է Գռիզլովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ ՌԱՕ «ԵԷՍ Ռօսսիի»-ին է պատկանում Հայաստանի Հրազդանի ՋԷԿ-ի հինգ էներեգաբլոկներից չորսը, որը էլեկտրականություն է մատակարարում ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին եւ Վրաստանին: Հրազդանի ՋԷԿ-ը` ռուսական գազի խոշորագույն սպառողը, ի թիվս եւս մի քանի այլ հայկական ձեռնարկությունների փոխանցվեց Ռուսաստանին 2002 թվականին 93 մլն դոլար կազմող Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց: Բացի այդ, ՌԱՕ ԵԷՍ-ը շահագործում է Հայկական ատոմակայանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---