ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը զգուշացնում է Կոսովոյի անկախության հռչակման հնարավոր հետեւանքների մասին

PanARMENIAN.Net - Չի կարելի թերագնահատել Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հնարավոր հետեւանքները, ինչը կարող է օրինակ ծառայել աշխարհի մյուս խնդրահարույց տարածաշրջանների համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն գերմանական «Հանդելսբլատ» թերթին տված հարցազրույցում:



«Մեր կազմակերպության որոշ անդամներ կասկածներ ունեն Կոսովոյի միակողմանի անկախության հարցում, որոնց թվին, անշուշտ, պատկանում է Սերբիան: Սակայն խնդրի հիմնական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ը, ոչ թե մենք: Նրանում, ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ԵԱՀԿ-ն չեզոք դիրք է գրավում»,-հայտարարել է Մարկ Պերրեն դը Բրիշամբոն:



Պատասխանելով այն հարցին, թե ինչ հետեւանքներ կունենար Կոսովոյի անկախությունն այլ տարածաշրջանների համար, օրինակ, Վրաստանի համար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը զգուշացրել է. «Մենք չպետք է թերագնահատենք դա: Կոսովոյի անջատումը կարող է կարեւոր քայլ լինել բազմաթիվ հետեւանքներով: Թեեւ Կոսովոյում խոսքը գնում է առանձնահատուկ իրավիճակի մասին, անկախությունը, սակայն, կարող է օրինակ ծառայել այլ տարածաշրջանների համար: Ի դեպ, դա կարող էր բարդացնել մեր աշխատանքը ԵԱՀԿ-ում, քանի որ մենք շատ ավելի մեծ խնդիրներ կունենայինք համաձայնության հասնելու համար»:



Ի պատասխան այն հարցին, թե վախենում է արդյոք ԵԱՀԿ-ն «սառը պատերազմի» կրկնությունից Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, դը Բրիշամբոն ասել է. «Ոչ: Մենք պետք է շատ զգույշ լինենք նման հասկացությունների հետ:..Մենք մշտապես բանակցում ենք Ռուսաստանի հետ: Ամեն շաբաթ ԵԱՀԿ անդամ երկրների 56 դեսպաններ հանդիպում են Վիեննայում: Բոլորը նստում են մեկ սեղանի շուրջ եւ դիմակայության մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, մեր տրամադրության տակ են բոլոր լծակները հակամարտությունները լուծելու համար: Այդպես, ըստ դը Բրիշամբոյի, ԵԱՀԿ-ն «արդեն ընդգրկվել է բանավեճի մեջ» Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---