6 սեպտեմբերի 2007 - 15:46 AMT
Հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կընդգրկվի Ֆրանսիայի Սենատի օրակարգում
Հարաբերությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ շատ ամուր են ոչ միայն պետական մակարդակով, մենք վաղեմի եղբայրական կապեր ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: «Ֆրանսիացի սոցիալիստները մեծապես նպաստել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հենց մենք ենք եղել օրինագծի հեղինակները 2001 թվականին, երբ խորհրդարանի երկու պալատները ճանաչեցին Ցեղասպանությունը: Մենք ենք նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի հեղինակները, որն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում: Հոկտեմբերին օրինագիծը կմտնի Սենատի օրակարգ, եւ ես կարծում եմ, որ այն կհաստատվի»,-ասել է Հոլանդը:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ պատվիրակության այցի հիմնական նպատակը առավել սերտ համագործակցության հաստատումն է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական ոլորտում: «Այդ մասին մենք խոսել ենք Հայաստանի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներում»,-նշել է Ֆ.Հոլանդը:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՅԴ հրավերով: Երկու կուսակցությունները համաշխարհային Սոցիալիստական Ինտերնացիոնալի կազմակերպության անդամներ են: