4 փետրվարի 2017 - 10:34 AMT
Լուկաշենկո. Լապշինին Բաքվին չհանձնելու հիմքեր Մինսկը չունի

Բելառուսը հիմքեր չունի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին չարտահանձելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, ՌԴ-ն և Իսրայելը կկարողանան պայմանավորվածության գալ բլոգեր Լապշինի հարցում, որը ձերբակալվել է Մինսկում Բաքվի հարցումով:

«Եթե Իսրայելը, ՌԴ-ն ու Ադրբեջանը պայմանավորվեն, մենք այնպես կանենք, ինչպես նրանք կպայմանավորվեն…Իսրայելը, Ադրբեջանն ու ՌԴ-ն արդեն պայմանավորվել կամ պայմանավորվելու այդ մարդու ճակատագրի վերաբերյալ: Իսրայելը սերտորեն գործակցում է Ադրբեջանի հետ, շատ սերտ: Եթե Իսրայելն ուզի, այդ մարդու գլխից մազ անգամ չի պակասի»,-ասել է Բելառուսի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լուկաշենկոն հավելել է, որ Լապշինը «մի ինչ-որ սարսափելի հանցանք չի գործել»:

Մինչդեռ Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: