4 փետրվարի 2017 - 11:44 AMT
Թրամփի հրամանագրից հետո ԱՄՆ-ն ավելի քան 100.000 մուտքի արտոնագիր է չեղարկել

ԱՄՆ-ն ավելի քան 100.000 մուտքի արտոնագիր է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթին վերաբերող հրամանագրի ստորագրումից հետո, հայտնում է The Washington Post-ը վարչակազմի շահերը դատարանում պաշտպանող իրավաբանի վրա հղումով:

Պաշտպանության կողմն այդ տվյալները հրապարակել է Եմենի 2 քաղաքացիների գործով դատական նիստի ժամանակ, որոնց մուտքն ԱՄՆ տարածք արգելվել է:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ գերատեսչությունը կատարելու է դատարանի որոշումը: ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ սեղմ ժամկետում մտադիր է բողոքարկել դատավոր Ռոբարտի որոշումը:

Հրամանագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ում և այլ երկրներում բողոքի ակցիաներ սկսվեցին Թրամփի քաղաքականության դեմ: Տարբեր նահանգների որոշ դատարաններ կասեցրին հրամանագիրը: Թրամփի դեմ մի քանի հայց է ներկայացվել, այդ թվում Վաշինգտոն նահանգի դատախազի կողմից:

Մինչդեռ Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ: