4 փետրվարի 2017 - 12:45 AMT
Թրամփի վարչակազմը վերանայում է Կուբայի հանդեպ քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է Կուբայի հանդեպ քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը փետրվարի 3-ի ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նրա, վարչակազմը «լիովին վերանայում է Կուբայի հանդեպ քաղաքականության բոլոր ասպեկտները», գրում է Deutsche Welle-ն:

Սփայսերն ընդգծել է, որ հիմնական շեշտը դրվելու է Հավանայի կողմից մարդու իրավունքների պահպանման վրա, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի դիրքորոշմանն ամբողջ աշխարհում քաղաքացիական ազատությունների պաշտպանության հարցում:

2014-ի ավարտին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին: Մինչ օրս հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, Հավանա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ն մեղմացրել է Կուբայի դեմ գործող որոշ պատժամիջոցները, թեև կես դարից ավելի գործող առևտրի էմբարգոն դեռ ուժի մեջ է:

Դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1961-ին: