4 փետրվարի 2017 - 13:00 AMT
ԶԼՄ-ներ. Լուվրի մոտ ահաբեկչություն գործած անձը Եգիպտոսից է

Փետրվարի 3-ին Լուվրի մոտ պարեկող ոստիկանների վրա հարձակված անձը կարող է գրառում կատարած լինել Twitter-ում, որ ԻՊ գաղափարների հետևորդն է:

Խոսքը ոմն Աբդալլա Ալ Համահմիի անունով բացված էջի մասին է, որտեղ Լուվրի մոտ իրադարձություններից մի քանի րոպե առաջ, մի քանի հաղորդագրություն է հայտնվել արաբերեն լեզվով, հայտնում է ՏԱՍՍ-ը AFP-ի վրա հղումով:

«Սիրիայի եղբայրներին և ամբողջ աշխարհի մարտիկներին» հասցեագրված հաղորդագրության հեղինակն ասում է, որ «Իսլամական պետության» գաղափարների կողմնակից է: Այժմ քննությունը պարզում է, արդյոք գրառումը հենց հարձակվողն է արել: Նրա մոտ 2 բջջային հեռախոս է հայտնաբերվել:

Իրավապահները փորձում են պարզել նրա ինքնությունը: Արդեն հայտնի է, որ նա Եգիպտոսի քաղաքացի է:

Ըստ նախնական վարկածի, 29-ամյա տղամարդը Փարիզ է ժամանել հունվարի 26-ին Դուբայից, որտեղ նրան զբոսաշրջային մուտքի արտոնագիր է տրամադրվել, գրում է Deutsche Welle-ն:

Հարձակման ժամանակ նա կրել է գանգի պատկերով սև շապիկ և զինված էր 2 մաչետեով: Սակայն, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Հարձակվողը ծանր վիրավորում է ստացել ահաբեկչության փորձի ժամանակ, նա վիրահատվել է փետրվարի 3-ին: Նրա վիճակն, ըստ Փարիզի դատախազի, «ծայրահեղ ծանր է»: