7 սեպտեմբերի 2007 - 14:37 AMT
Այսօր Ստեփանակերտում կայանալու է ԼՂՀ նորընտիր նախագահի երդման արարողությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման հանդիսավոր արարողությունը կայանալու է ուրբաթ օրը Ստեփանակերտի Սպայի տանը: ԼՂՀ նոր նախագահի երդման արարողության կապակցությամբ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալու է համերգ` հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած հերթական նախագահական ընտրություններին հաղթանակ էր տարել ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը: Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով, նրա օգտին քվեարկել է ԼՂՀ 59 հազար 326 քաղաքացի, կամ ընտրողների ընդհանուր քանակի (92 հազար 114) 85, 12 տոկոսը:

Նախագահական ընտրություններին հետեւել է ավելի քան հարյուր միջազգային դիտորդ տարբեր երկրներից, այդ թվում, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաեւ Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրյան Մոլդավիայի Հանրապետությունից: