7 փետրվարի 2017 - 12:10 AMT
Մոտ 50 հայկական գինի է ներկայացված Մոսկվայի «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսում

Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին:

Հայկական պատվիրակությունը ներկայացնում է 12 գինեգործական ընկերություն՝ արտերկրյա սպառողին ներկայացնելով մոտ 50 հայկական գինի։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն կար հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։

Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին: