7 փետրվարի 2017 - 12:59 AMT
Սպիտակ տունը հրապարակել է ԶԼՄ-ների կողմից լռության մատնված ահաբեկչությունների ցանկը

Սպիտակ տունը տարածել է այն ահաբեկչական գործողությունների ցանկը, որոնք ըստ ԱՄՆ վարչակազմի, լռության են մատնվում ԶԼՄ-ների կողմից: Ցուցակում են հայտնվել ինչպես քիչ հայտնի իրադարձություններ, այնպես էլ հարձակումներ, որոնք վերջին տարիների գլխավոր լրատվական նորություններն են եղել:

Փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին ահաբեկչությունները լռության մատնելու մեջ: «Հասնում է նրան, որ ահաբեկչությունների մասին չեն հայտնում, քանի որ շատ դեպքերում անազնիվ մամուլը դա չի ցանկանում»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տան վերլուծաբանները ցանկում 78 ահաբեկչություն են ներառել, որոնք տեղի են ունեցել 2014-ի սեպտեմբերից մինչև 2016-ի դեկտեմբեր: Կան դեպքեր, որոնք լայնորեն չեն լուսաբանվել, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիայում Դանիայի քաղաքացու վիրավորումը 2014-ի նոյեմբերին կամ ԱՄՆ 2 քաղաքացու վիրավորումը նույն երկրում 2015-ի հունվարին:

Հիշատակվում են նաև այն ահաբեկչությունները, որոնք լայնորեն լուսաբանվել են մամուլում`օրինակ, կանադացի զինվորի սպանությունը Օտտավայում 2014-ին:

Որոշ լուրեր եղել են ԶԼՄ-ների առաջին էջերում: Օրինակ, Թունիսում 2015-ի հունիսի ահաբեկչությունը, երբ 38 մարդ զոհվեց և 39-ը վիրավորվեց:

Ըստ Սպիտակ տան, լռության են մատնվել նաև պայթյունը ռուսական օդանավում 2015-ի հոկտեմբերին Սինայում, երբ 224 մարդ զոհվեց, ահաբեկչությունները Փարիզում 2015-ի ավարտին, երբ առնվազն 129 մարդ զոհվեց:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ Սպիտակ տունը պատրաստում է այն ահաբեկչությունների ցանկը, որոնք «համարժեք չեն լուսաբանվել ԶԼՄ-ներում»: