7 փետրվարի 2017 - 12:31 AMT
ՀՀ մարզերում մոտ 200 մլրդ դրամի ներդրումային ծրագիր կա

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ամփոփելով վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր կատարած այցերի արդյունքում ձևավորված ներդրումային ծրագրերը:

«Մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք մոտ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլն:

Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում եզրակացության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում»,- պարզաբանել է նախարարը:

Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ առաջին 5 մարզի համար կառավարության հարթակ է ներկայացվել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այդ ծրագրերը կարող են լինել արդյունավետ, քանի որ ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա:

Մինչդեռ այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, նախարարի խոսքով, չեն ստանում դրական եզրակացություն:

2017-ի փետրվարին վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: