Բակո Սահակյան. Ղարաբաղյան ժողովրդի կամքն է ապրել ազատ եւ անկախ իր պատմական հայրենիքում

PanARMENIAN.Net - Անցած ընտրությունները վերահաստատեցին իր պատմական հայրենիքում ազատ եւ ինքնիշխան ապրելու` Արցախի ժողովրդի միասնական կամքը: Այդ մասին Ստեփանակերտում պաշտոնակալման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, առաջին հերթին, ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր ժողովրդին` 2007թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցության, իսկ իմ ընտրողներին` վստահության համար: Ես գնահատում եմ նաեւ այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր իրենց քվեն տվել են հանրապետության նախագահի մյուս թեկնածուներին: Դա նշանակում է, որ նրանք ունեն երկրի զարգացման եւ առաջընթացի այլ պատկերացում, ինչը անպայման հաշվի կառնվի: Միաժամանակ ընդգծվեց պետական բարձրագույն իշխանություն ձեւավորելու գործընթացում երկրի հասարակական-քաղաքական լայն շրջանակների որոշիչ դերը: Եվ առաջիկա հինգ տարիներին մենք շարունակելու ենք բարեկեցիկ ու ազատ երկիր կառուցել` այդ նպատակի շուրջ մեր հասարակության բոլոր խավերի համագործակցությունը պահպանելու գերակայությամբ.,-նշել է նախագահը:

.

«Աանկախ պետականաշինության անցած տարիներին ստեղծված նախադրյալները հաստատուն են: Առիթն ուզում եմ օգտագործել եւ հարգանքի ու շնորհակալության խոսք ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես անկախ պետության հռչակման, նրա դեմ զինված նախահարձակումը արդյունավետորեն դիմագրավելու, ետպատերազմյան առաջին տարիներին պետական ինստիտուտների կայացման, տնտեսության եւ ենթակառուցվածքների վերականգման, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման գործում նրա ավանդի ու վաստակի համար:



Վերջին շրջանի ձեռքբերումները հիմք են տալիս ինձ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Արշավիրի Ղուկասյանին, ում անմիջական ղեկավարությամբ մեր երկիրը նախընթաց 10 տարիներին զգալի առաջընթաց կատարեց սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման, պետական եւ հանրային կյանքի ժողովրդավարացման ասպարեզներում եւ, վերջապես, ունեցավ իր Հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը: Կցանկանայինք, որ պարոն Ղուկասյանը այսուհետ էլ պետական, քաղաքական եւ ազգային գործչի իր հարուստ փորձն ու կարողությունները, ունեցած հեղինակությունը շարունակի ծառայեցնել հայրենիքին,-ասել է Բակո Սահակյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---