7 փետրվարի 2017 - 14:11 AMT
Կարապետյանը՝ Սվիտալսկուն. ՀՀ-ում հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմին կստեղծվի

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմին կստեղծվի: Այս մասին հայտնել է Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը:

Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները և ընդունված որոշումները, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն կանխարգելիչանկախ մարմնի ստեղծում: Այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման և շահերի բախման համակարգերը: Աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ:

Ներկայում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկումների հիման վրա մշակվում են մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Վարչապետն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը և հաջողությունը կախված է նաև հասարակության քաղաքացիական դիրքորոշումից, և կառավարությունն աշխատելու է հանրության հետ հետադարձ կապն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին նոր թափ հաղորդելու միջոցով:

Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար՝ կարևորելով ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը:

Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների համար: Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների և հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:

Վարչապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

Փետրվարի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սվիտալսկին ողջունելի է համարել ՀՀ ներկայիս կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Դեսպանը հատկապես կարևորում է ապօրինի հարստացման քրեականացման և գույքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձրացման հարցը։